Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով
առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են:
Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու
առողջության վրա:
Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ
արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն
համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև
արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման
մնացորդները:

Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում
են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության,
երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ),
ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված
է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա
միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ` ԱՄՆ-ում
ճառագայթաակտիվ թափոնները թաղում են սպառված աղային հանքահորերում և ժայռային
ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի
անապատում, Հայկական ատոմակայանում՝ հատուկ սարքավորված պահեստարանում:
Комментариев нет:
Отправить комментарий