понедельник, 7 апреля 2014 г.

Պլատոն

Պլատոն (հունարեն՝ Πλάτων) (մ.թ.ա. 428/427 – 348/347 թթ.) կամ իր ի ծնե տրված անունով՝ Արիստոկլես, հին հույն փիլիսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ, հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։

Կյանքը

Կրթություն

Նախնական կրթությունը ստանալուց հետո նա սկսում է զբաղվել փիլիոփայությամբ։ Սովորել է նախ Հերակլիտեսի հետևորդ Կրատիլոսի մոտ, ապա Սոկրատեսի։ Վերջինիս մահից հետո Պլատոնը թողնում է Աթենքն ու շուրջ մեկ տարի ապրում Մեգարայում։ Վերադառնալով Աթենք՝ նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա։ Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսիբարեկամի հետ, ով պյութագորական փիլիսոփայության հետևորդներից էր։ Այստեղ Պլատոնը փորձում է կյանքի կոչել պետության մասին իր գաղափարները, սակայն պալատական ամբստամբությունների պատճառով խիստ սրվում են Դիոնիսիոսի և Պլատոնի միջև հարաբերությունները։ Բռնակալը վաճառում է Պլատոնին որպես ստրուկ, որին Էգինայի ստրկավաճառանոցից գնում է կիրենիակ Անիկերիդեսը։ Վերջինս ազատում է Պլատոնին՝ հրաժարվելով վերցնել նրա ընկերների հավաքած գումարը։

Դպրոցի հիմնումը և մահը

Վերադառնալով Աթենք՝ Պլատոնը մ.թ.ա. 487 թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը, որը ստանում է Ակադեմիա անունը։ Մեկ տարի անց, երբ մահանում է Դիոնիսիոս բռնակալը, Դիոնի հրավերով Պլատոնը կրկին մեկնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը։ Սակայն այս անգամ էլ նրա առաքելությունը անհաջողության է մատնվում և նա կրկին վերադառնում է Աթենք, որտեղ էլ մ.թ.ա. 347 թվականին կնքում է իր մահկանացուն։

Աշխատությունները

Բոլոր այն երկերը, որոնք Պլատոնը նախատեսել է հրապարակել, պահպանվել են։ Դրանք կանոնակարգել է Տրասսիլոս քերականը մ.թ. 1 -ին դար ըստ հետևյալ ինը տետրալոգիաների։
  1. ԵվթիփրոնՍոկրատեսի պաշտպանականըԿրիտոնՖեդոն
  2. ԿրատիլոսԹեետետոսՍոփեստՊոլիտիկոս
  3. Պարմենիդես, Փիլեբոս, Խնջույք, Ֆեդրոս
  4. Ալկիբիադես I, Ալկիբիադես II, Հիպպարքոս, Մրցակիցներ
  5. Թեագես, Քարմիդես, Լաքես, Լիսիս
  6. Եվթիդեմոս, Պրոտագորաս, Գորգիաս, Մենոն
  7. Հիպպիաս, Կրտսեր, Հիպպիաս Ավագ, իոն, Մենեքսենոս
  8. Կլիտոփոն, Պետություն, Տիմեոս, Կրիտիաս
  9. Մինոս, Օրենքներ, Օրենքների հավելված (էպինոմիս), Նամակներ
Բոլոր ժամանակներում դժվարություն է հարուցել հետևյալ հարցը. արդյո՞ք նշված 36 երկերն էլ պատկանել են Պլատոնի գրչին։ Դյուրին չի եղել նաև դրանց ստեղծման ժամանակագրական հաջորդականությունը որոշելը։ Վերջին հարյուրամյակների քննական ուսումնասիրությունների արդյունքները կարելի է ամփոփել այսպես։
1. Մասնագետների ճնշող մեծամասնությունը մերժում է հետևյալ տրամախոսությունների իսկությունը, «Ալիկիբիադես I», «Ալիկիբիադես II», «Մրցակիցներ», «Թեագես», «Կլիտոփոն», «Մինոս»։ Բացառությամբ «Ալկիբիադես»-ի այս տրամախոսությունները, ամենայն հավանականությամբ ստեղծվել են Մ.թ. 4 դարում։ Դրանք գրված են պլատոնյան ոգով, սակայն զուրկ են փիլիսոփայական համարժեք խորությունից։
2. Վիճելի է «Ալիկիբիադես I»-ի, «Իոնի», «Մենեքսենոսի», «Հիպպիաս Ավագի», «Էպինոմիսի» ր Նամակների իսկությունը։
3. Մնացյալ տրամախոսությունների իսկությունը կասկածի տակ չի դրվում։[1]
Պլատոնյան երկերի մոտավոր ժամանակագրությունն ու հաջորդականությունը կազմելու չափանիշներն են եղել՝ a. լեզվաոճական առանձանահատկությունները, b. ժամանակակիցների վկայությունները (այպեսԱրիստոտելից տեղեկանում ենք, որ «Օրենքները» գրվել են «Պետությունից» ավելի ուշ), c. տրամախոսություններում եղած հղումները պատմական որոշ դեպքերի և անձանց (ինչպես ասենք, «Ֆեդոնում», արն ակներևաբար գրվել է Սոկրատեսի մահից հետո) և d. տրամախոսությունների փոխադարձ հղումները։ Այդ ամենի հաշվառումով հետազոտողները առաջարկում են պլատոնյան երկերի հետևյալ պատկերը։
  1. Սոկրատեսյան շրջան - Այս շրջանի գործերը գրվել են անմիջապես Սոկրատեսի մահից հետո։ Պլատոնը դեռևս իր ուսուցչի ուժեղ ազդեցության տակ է, ընդ որում առաջին պլանում են ոչ թե Սոկրատեսի գաղափարները, այլ անձը։ Տրամախոսությունները հաճախ ավարտվում են առանց դրված խնդրի հանգուցալուծման։ Այս շրջանին են դասվում «Սոկրատեսի պաշտպանականը», «Կրիտոնը», «Եվթիփրոնը», «Լաքեսը», «Իոնը», «Պրոտոգրոսը», «Քարմիդեսը», «Լիսիսը» և «Պետության» առաջին գիրքը։
  1. Անցման շրջան - Այստեղ նկատելի է ինքնուրույն կոնցեպցիայի որոնումը։ Ենթադրվում է, որ տվյալ տրամախոսությունները գրվել են Սիկիլիա կատարած առաջին ուղևորությունից առաջ։ Դրանք են՝ «Գորգիասը», «Մենոնը», «Եվթիդեմոսը», «Հիպպիաս Կրտսերը», «Հիպպիաս Ավագը», «Կրատիլոսը» և «Մենեքսենոսը»։
  1. Հասուն շրջան - Պլատոնը մշակում և համակարգում է սեփական գաղափարները։ Այս շրջանին են վերագրվում՝ «Ֆեդոնը», «Պետությունը», «Ֆեդրոսը»։ Տրամախոսությունների գրության ժամանակը Սիկիլիակատարած առաջին և երկրորդ ուղևորությունների միջև ընկած ժամանակահատվածն է։
  1. Ուշ շրջան - Այս շրջանին են վերագրվում մետաֆիզիկական ամենանշանակալի տրամախոսությունները, քանի որ դրանցում է իր ամբողջ թափով դրսևորվում պլատոնյան միտքը։ Դրանք գրվել են Սիկիլիա կատարած երկրորդ և երրորդ ուղևորությունների միջև և հետո։ Այս շրջանին վերագրվող երկերի ցանկն իսկապես պատկառելի է «Թեետետոս», «Պարմենիդես», «Սոփեստ», «Պոլիտիկոս», «Փիլեբոս», «Տիմեոս», «Կրիտիաս», «Օրենքներ» և «Էպինոմիս»։
Պլատոնի ուսմունքը, որը մի վիթխարի մտաստեղծ կառույց է, դյուրին չէ յուրացնել ելնելով առանձին տրամախոսություններից ու թեմաներից։ Այն անվերջ մասնավորվել է, ներգրավել նոր խնդիրներ ու հարցեր, եղել նոր հասկացությունների մշակման ու հղկման պրոցեսում։ Վերջին տասնամյակներում մասնագետները շրջանառության մեջ դրեցին «գրի չառնված տեսությունների» վարկածը։ Հին աղբյուրները վկայում են, որ Ակադեմիայում Պլատոնը խոսել է հարցերի մասին, որոնց երբեք չի անդրադարձել իր գրվածքներում։ Դրանք վերաբերել են «վերջին՝ բարձրագույն իրականության» խնդրին։ Ենթադրությունը հաստատում է նաև Պլատոնի 7-րդ նամակը։ Փիլիսոփան պնդում է, որ բարձրագույն իրականության իմացությունը կարող է կայանալ միայն համատեղ բանավոր քննարկումների և վեճերի մեջ։ Նաբացառում է նման վեճերի ու քննարկումների առարկան գրավոր հաղորդելու հնարավորությունները. «Այդ մասին ես ոչինչ չեմ գրել: Եվ երբեք չեմ գրի»։

Փիլիսոփայական ուսմունքը

Պլատոնի օբյեկտիվ իդեալիստական փիիսոփայության հիմքում ընկած է էյդոսների՝ տիպարների, էությունների, գաղափարների մասին տեսությունը։ Մինչև Պլատոնը գրեթե բոլոր հույն փիլիսոփաները համոզված էին, որ գոյություն ունի մտահասանելի կեցություն, որը ճանաչվում է բանականությամբ և գոյություն ունի զգայելի կեցություն, որը ճանաչվում է զգայարաններով։ Ընդսմին, մտահասանելի աշխարհը համարվում էր իսկական, ճշմարիտ կեցություն, իսկ զգայելի աշխարհը՝ անիսկական, խաբուսիկ, թվացյալ կեցություն։ Ճշմարիտ կեցությունը կարող է ճանաչվել միայն բանականությամբ, որը գործում է ընդհանուր հասկացություններով։ Ճանաչել որևէ առարկա, համաձայն Սոկրատեսի տեսության, նշանակում է իմանալ նրա հասկացությունը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իմացության առարկա պետք է լինեն ընդհանուր հասկացությունները, կամ ընդհանուր էությունները։ Ըստ որում ճշմարիտ գիտելիքը պետք է համապատասխանի ճշմարիտ կեցությանը։ Այդ դեպքում հարց է ծագում, ի՞նչ են համապատասխանում իրականության մեջ մտածողության ընդհանուր հասկացություններին։ Կեցության և մտածողության նույնության սկզբունիք համաձայն ընդհանուր հասկացություններին պետք է համապատսխանեն ընդհանուր էություններ. մինչ դեռ իրականում գոյություն ունեն միայն առանձին, եզակի իրեր, որոնք գտնվում են անընդհատ փոփոխության ու շարժման մեջ։ Եթե զգայելի աշխարհում չկան ընդհանուր ամփոփոխ էություններ, եզրակացնում է Պլատոնը, ուրեմն դրանք գոյություն ունեն մտահասանելի աշխարհում։ Այսպիսով, ի տարբերություն Սոկրատեսի, Պլատոնը զգայելի իրերի աշխարհի հետ մեկտեղ ընդունում է մտահասանելի էությունների աշխարհի գոյությունը, այսինքն ընդհանուր հասկացություներին վերագրում է օբյեկտիվորեն գոյություն ունենալու հատկություն։ Եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն՝ անփոփոխ են, անշարժ և միշտ նույնական իրենք իրենց։ Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին և անկախ, տարածությունից և ժամանակից անդին՝ «ինչ-որ ճշմարտության հովտում»։

Պլատոնի իդեալիզմը

Պլատոնի իդեալիզմը բարոյագիտական ուղղվածություն ունի։ Եթե Սոկրատեսի կարծիքով ճշմարիտ գիտելիքն ընդհանուր և օբյեկտիվ բարոյական օրենքների ճանաչողությունն է, ապա ըստ Պլատոնի, էյդոսների աշխարհը, ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների աշխարհն է։ Միաժաանակ գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը։ Յուրաքանչյուր կենդանի գոյացություն ձգտում է իրեն դրսևորել լիակատար ձևով։ Ամբողջությամբ արտահայտել իր էությունը, ձգտում է իր կեցության ամբողջությանը։ Իսկ կեցության ամբողջականությունը, ողջ գոյի գերագույն վերջնանպատակը բարձրագույն իդեալը բարիքն է։ Պլատոնի կարծիքով բարիքը էյդոսների աշխարհի թագուհին է, ողջ գոյի պատճառը և նպատակը։

Մարդու մասին

Ըստ Պլատոնի, մարդը բաղկացած է հոգուց և մարմնից։ Ընդսմին, հոգին բոլոր առումներով պատվական ու գերազանց է մարմնից, որովհետև հոգին հենց ինքը մարդն է։ Մարմինը մահկանացու է, իսկ հոգին՝ անմահ։ Հոգու անմահության օգտին Պլատոնը բերում է մի շարք փաստարկներ։ Հոգին անմահ է, որպես է ինքնաշարժվող և շարժվող, որպես տիեզերքի միասնությունն ապահովող սկիզբ։ Եթե հոգին լիներ մահկանացու, ապա կփլուզվեր տիեզերքի միասնությունը և ներդաշնակությունը։ Հոգին անմահ է նաև այն պատճառով, որ ինքը հենց կյանքն է։ Հոգին վերաբերվում է կյանքին այնպես, ինչպես կրակը ջերմությանը. կրակը անմտածելի է, առանց ջերմության, իսկ հոգին առանց կենդանության։ Որպես կյանք՝ հոգին բացառում է իր հակադրության՝ մահվան գոյությունն իր ներսում։ Հոգու անմահության մասին է վկայում նաև մարդկային գիտելիքի բնույթը։ Պլատոնի կարծիքով իմացությունը հոգու մեջ, առկա գիտելիքի վերհիշումն է։ Մինչև մարմնի մեջ տեղափոխվելը հոգին իդեալական աշխարհում ձեռք է բերել ճշմարիտ գիտելիք, որը մարմնի հետ միավորվելուց հետո թաղվել է մոռացության մեջ։ Այսպիսով, հոգին ի ծնե ունի բնածին գիտելիք, եթե չունենանք այդ գիտելիքը, ապա չեն կարող դատողություն անել իրերի մասին։ Պլատոնի կարծիքով մարդը ապրում է հասարակության մեջ, ուստի անհատական բարիքն ու երջանկությունը չեն կարող նրա համար վերջնանպատակ լինել։ Բարիքը ընդհանրական է, հետևաբար մարդն իր անհատական բարիքը պետք է ենթարկի ընդհանուրի բարիքին։ Դրա համար անհրաժեշտ են այնպիսի հասարակական պայմաններ և այնպիսի կառավարման ձև, որի նպատակը պետք է լինի ոչ թե առանձին մարդկանց կամ էլ առանձին խմբերի մասնավոր բարիքի ապահովումը, այլ հասարակության բոլոր անդամների բարեկեցությունը։ Այս պատճառով, Պլատոնն անհատական բարոյագիտությունը լրացնում է սոցիալական բարոյագիտությամբ, կամ քաղաքագիտությամբ։

Պետության մասին

Իդեալական է կառավարման այն ձևը, որը մտածում է բոլոր բարիքի մասին։ Այդպիսի պետությունը պետք է կարողանա նախ ապահովել հասարակության կառավարումը և մարդկանց դաստիարակությունը։ Իրեն պաշտպանի թշնամական հարձակումներից, մարդկանց ապահովի նյութական բարիքներով և դրա հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը՝ այսինքն, պետք է լինի աշխատանքի բաժանում և յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության բարգավաճմանը։ Պետություը պետք է նման լինի կենդանի օրգանիզմի, որում յուրաքանչյուր անդամ կատարում է իրեն վերապահված գործառույթը։ Պլատոնը մարդկային հեգու երեք մասերին՝ բանականին, ցասմնականին և ցանկականին համապատասխան իդեալական պետության մեջ առանձնացնում է քաղաքացիների երեք դաս։ Հոգու բանական մասին, որին առաքինությունը իմաստությունն է, համապատասխանում է կառավարիչների՝ փիլիսոփաների դասը, հոգու ցասմնական մասին, որի առաքինությունն արիությունն է, համապատասխանում է պետության պահապանների՝ զինվորականների դասը։ Հոգու ցանկական մասին, որի առաքինությունն ողջախոհությունն է, համապատասխանում է նյութական բարիքների արտադրողների՝ հողագործների, արհեստավորների և առևտրականների դասերը։ Այդպիսի պետությունն իմաստուն է, իր կառավարիչների իմաստնությամբ, արի՝ իր զինվորականների քաջությամբ, ողջախոհ-չափավոր իր աշխատավորների վարքագծով։
Պետությունը պետք է կառավարեն փիլիսոփաները, որովհետև նախ, նրանք առաքինի, արդարամիտ և անշահախնդիր մարդիկ են։ Մարդկանցից միայն փիլիսոփաներն են, որ գիտելիք ունեն ճշմարիտ կեցության մասին, ուստի իմանալով, իդեալական աշխարհի օրենքները, նրանք պետք է այդ օրենքներն իրականացնեն այս աշխարհում։ Պլատոնի կարծիքով, կառավարողները ոչ թե առանձնաշնորհ, այլ ծառայողական դաս են, իսկ որպեսզի նրանք հանկարծ կմտածեն սեփական բարեկեցության մասին, նրանք չպետք է ունեն ոչ մի սեփականություն։ Նույնը վերաբերվում է նաև զինվորականներին։ Նրանք իրավունք չունեն ունենալու ոչ մի սեփականություն, ամեն ինչ պետք է նրանց համար ընդհանուր լինի։ Մասնավոր սեփականությունը դիտելով որպես սոցիալական անհավասարության և չարիքի աղբյուր՝ Պլատոնը անընդունելի է համարում դրա բոլոր դրսևորումները։
Այսպիսով, հանուն ընդհանուրի բարիքի, Պլատոնը զոհաբերում է անհատական բարիքը։ Հանուն պետության՝ պետությունը վերածում է զորանոցի, ճամբարի, որը գործում է սպարտական կենցաղի կանոններով։ Պլատոնի իդեալական պետության մասին նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ, թեև հետագայում՝ միջնադարում, սոցիալիզմի և ֆաշիզմի ժամանաշրջաններում, այդ նախագծի մի շարք գաղափարներ իրականացան։

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger