Մարկո Պոլո (իտալ.՝ Marco Polo; 1254թ. սեպտեմբերի 15, Վենետիկ - 1324թ. հունվարի 8, Վենետիկ), իտալացի վաճառական և ճանապարհորդ, որը ներկայացրել է Ասիայի երկրներում իր ճանապարհորդությունների պատմությունը շուրջ 1300 թ. իր շարադրած «Աշխարհի բազմազանության մասին» (ֆրանսերեն` Livres des merveilles du monde) գրքում։ Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ հետո և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի,Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար։ Մարկո Պոլոյի աշխատությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ։ Գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել XIV—XVI դդ. ծովագնացների, քարտեզագրողների և գրողների վրա։ Մասնավորապես, այն եղել է Քրիստափոր Կոլումբոսի սեղանի գիրքը` նրա Հնդկաստանը որոնելու ճանապարհորդության ընթացքում։
Комментариев нет:
Отправить комментарий