воскресенье, 28 февраля 2016 г.

Հայ ժողովրդի ծագումնաբանությունը

Ավանդազրույցներ հայերի ծագման մասին:
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը: Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է: Որտեղից է ծագում մեր ժողովուրդը, որն է նրա բնօրրանը, երբ է ձևավորվել իբրև ինքնուրույն էթնիկ միավոր և որ ժամանակներից է հիշատակվում հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլև երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ ժողովրդի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող հիմնական հարցերին: Անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտության մեջ տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները, ապա հարցի ուսումնասիրման այսօրվա վիճակը և Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:

Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:
ա. Հայկական ավանդությունը:
Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին.<<Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը>>…:
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված <<Թորգոմա տուն>> և հայերին տրված <<Թորգոմյան ազգ>> անվանումները:
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց <<հայ>> և երկիրը` <<Հայաստան>>, իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի <<Արմենիա>> և հայերի <<արմեն>> անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):
բ. Հունական ավանդությունը:
Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է <<Արմենիա>>: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը:
Ավանդությունն առավել հանգամանորեն պատմում է Ք.ա. I դարի հույն մատենագիր Ստրաբոնը. նա հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են: Դատելով փաստերից` հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է զուգորդվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում. արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են պարսիկների և մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն <<իրավական>> տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:
Հայերի արևմտյան (փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. V դ.), Եվդոքսոսի (Ք.ա. IV դ.) և այլոց երկերում: Այդ տեղեկություններում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի և հայ զինվորների նման հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, իհարկե, չի կարող բացատրվել մի ժողովրդի` մյուսից ծագած լինելը.փռյուգիացիներն ու հայերը ազգակից են (ունեն ընդհանուր` հնդեվրոպական ծագում), և նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել ևս զինվորների միանման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:
գ. Վրացական ավանդությունը:
Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ, Լեոնտի Մրովելի և այլք): Ըստ վրացական ավանդության Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից` այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը:
դ. Արաբական ավանդությունը:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:
ե. Հին եբրայական ավանդությունը:
Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա.I — Ք.հ.I դդ.) <<Հրեական հնախոսության>> էջերում: Հաղորդման համաձայն <<Ուրոսը հաստատեց Հայաստանը>>: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա <<Ռուսա Էրիմենայի որդին>>: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում <<Ռուսա>> անունը հիշատակվում է նաև <<Ուրսա>> տարբերակով, իսկ <<Էրիմենա>> անունը կարող է մեկնաբանվել և° որպես անձնանուն, և° որպես ցեղանուն:
Նշվածներից բացի հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:
զ. Հայ ժողովրդի ծագման հարցը պատմագիտության մեջ:
Հինգերորդ դարից մինչև XIX դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը` ձևակերպված Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> էջերում, որը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի համար ծագումնաբանության վկայագիր և դասագիրք: XIX դարում գիտության մեջ ի հայտ եկած նորությունները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը:
XIX դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն (<<հնդեվրոպական մայր ժողովուրդ>>) և զբաղեցրել միևնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է <<հնդեվրոպական նախահայրենիք>>: Այդ ժողովուրդների ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հետ: Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավարևելյան Եվրոպա, հարավ-ռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս և այլն):
XIX դարում համեմատական լեզվաբանության մեջ լայն տարածում ստացավ հնդեվրոպական նախահայրենիքը հարավ-արևելյան Եվրոպայում տեղադրելու տեսակետը: Դա մի կողմից, մյուս կողմից` հույն հեղինակների հաղորդումները հայերի բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու տեսությունը: Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը գաղթելով Բալկանյան թերակղզուց` Ք.ա. VIII-VI դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո Ք.ա. VI դարում ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը): Այս տեսակետը, որ չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի և չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք կեղծարարների կողմից): Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և առաջացել են տեղաբնիկ ասիական (այդտեղից էլ <<ասիանիկ>> անվանումը) ցեղերից: Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության, և այժմ էլ մերժվում է, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը:

1980-ական թվականների սկզբներին վերարծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի` Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից: Հայ ժողովրդի ծագման հարցը այս տեսությամբ ստացավ նոր բացատրություն: Ինքնըստինքյան հերքվեց հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, ուր կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը:
Ներկայումս հստակորեն կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-րդ հազարամյակի վերջին ու 3-րդի սկզբներին առանձնացել են հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից էլ սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով: Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցելՔ.ա. 3-2-րդ հազարամյակներում: Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. VI — V դարերում ավարտվել է հայ ժողովրդի կազմավորման ընթացքը:
Ամփոփելով ասվածը` կարելի է պնդել, որ հայերեն լեզուն ու նրանով խոսողները հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել և ինքնուրույն են դարձել Ք.ա. 4-3-րդ հազարամյակներիսահմանում: Հենց այդ ժամանակներից էլ մեր ժողովուրդը հիշատակվում է Հայկական լեռնաշխարհում, ուր գործել, գոյատևել ու կերտել է իր պատմությունը:


2-Դավիթ Բեկի աբստամբությունը սյունիքում՝ 1722-1730:
Հալիձորի ճակատամարտը:
Իսրայել Օրու ժամանակներից Սյունիքում և Արցախում նկատվում էին ազատագրական ձգտումներ։ 1720-ական թթ․ Սյունիքի ազատագրական պայքարը կազմակերպման համար կային երկու խոչընդոտներ․ նախ՝ հայ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված, բացի այդ՝ հզոր էին շրջակա պարսկամետ իշխանները։ Այս խնդիրները լուծելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով առևտրական Ստեփանոս Շահումյանը մեկնում է Վրաստան։ Նրա խնդրանքով Վախթանգ VI -ը 1722թ. Սյունիք է ուղարկում հայ զորավարներ։ Նրանք Դավիթ Բեկիգլխավորությամբ հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակում զորքերի սպարապետ, իսկ Տեր-Ավետիսին, Փարսադանին, Թորոսին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում։ Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց ջևանշիր քոչվոր ցեղին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է իսլամ ընդունած մելիք Բաղրին պատկանող Տաթևիմոտ գտնվող ամրոցը։ Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»։ Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Կապանումևս հայերը ոտքի կանգնեցին։ Շրջակա մուսուլման տիրակալները Չավնդուրի մոտ հարձակվեցին նրանց վրա, սակայն հայերը հաղթանակ տարան։ 1723թ. ազատագրված Կապանում Դավիթ Բեկը ստեղծեց հայկական իշխանություն։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Հալիձորի բերդը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը, ապա մեծ դժվարություններով՝ Որոտան բերդը։
Թուրքական բանակները Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական։ 1726թ. նրանք շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած՝ փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկը իր զորքերով ամրանում է Հալիձորի բերդում։ 1727թ. մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Հայկական ուժերին հաջողվում էր հետ մղել թշնամու համառ գրոհները։ Հակառակորդը կրկին ծավալուն գրոհ կազմակերպեց պաշարման մեջ գտնվող Հալիձորի վրա։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարված հայ ռազմիկները թուրքական զինվորների ցած են գլորում պարիսպներից։ Բերդի հրամանատարությունը որոշեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։ Մխիթարն ու Տեր-Ավետիսը դիմեցին հայ զինվորներին. «Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»։ Պաշարվածներն, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Օսմանցիների բանակը բազմահազար զինվորներ կորցրեց։ Թշնամուց խլվեց հարյուր քառասունութ դրոշ և նրանց բանակի ամբողջ կողոպուտն ու ունեցվածքը։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր։
Տաթևի վանքը երկրաշարժից առաջ
Գորիսի քարե բուրգերը
Հալիձորի ճակատամարտից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով Մեղրի:


3-Իսռաել Օրի
Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեցՌուսական կայսրությանը։ Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)։
Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականինԷջմիածնի գաղտնի ժողովումկաթողիկոս Հակոբ Ջուղայեցուկողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայել հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքԿոստանդնուպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպամեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականի Օրին անցել է Վենետիկ1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել էֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 16881695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատելԴյուսելդորֆ քաղաքում։
1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու ևՕսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XIIթագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
Հայաստանում և Վրաստանում իրադրությունը կտրուկ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գեորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը։
Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայել Օրուն հաջողվել էԱնգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին,Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցարՊետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայել Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայել Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Օրու օգնական։
1699 թվականի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մշակել ու 1700 թվականի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը։ Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանիազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայել Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի (Ֆլորենցիա) դքսի և ավստրական կայսեր Լեոպոլդի մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։
Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա։
Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր ևԱրևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան։ Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։
Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրությանհակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայել Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։ Դեպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704թվականին Իսրայել Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պարսից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706թվականին վերադարձել Ռուսաստան։ Պետրոս Մեծը նույնպես գրել է համանման դիմում, Իսրայել Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707 թվականին ուղարկել Պարսկաստան։
Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայել Օրին 1708թվականի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Առաջինը նա լինում է Շամախի քաղաքում։ Չնայած Իսրայել Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709 թվականին Իսրայել Օրուն հաջողվել է հասնել Իրանի մայրաքաղաք Սպահան և տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711 թվականը։ Այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ջուղայեցու, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի, հայ մելիքների և անդրկովկասյան այլ գործիչների հետ, որոնց նպատակն էր ազատագրական շարժման հրահրումը, ընդհանուր ճակատի և հայկական միացյալ զորական ուժերի ստեղծումը։
Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայել Օրին 1711 թվականին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։ Գանձասարի կաթողիկոսը վերադարձել է Արցախ։

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger